ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ առավոտյան ժամը 10։00-ից քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, շրջապակել բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին մուտք գործել շենք, ինչպես նաև կառավարության այսօրվա նիստը չկայանա:
Այնուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել և նիստը կայացավ․ շենքի մուտքերը հսկում էին սաղավարտներով և վահաններով զինված ոստիկանները։
Քաղաքացիները տևական ժամանակ շարունակում էին հավաքված մնալ կառավարության շենքի մուտքերի մոտ․ պարբերաբար լարվածություն էր առաջանում նրանց և իրավապահների միջև, նաև նրանց և այդտեղ գտնվող անհետ կորած զինծառայողների հարազատների միջև։
Կառավարության շենքից դուրս եկող նախարարական ավտոշարասյունի հետևից քաղաքացիները ձնագնդիկներ նետեցին, անհնազանդության ակցիաների ընթացքում նաև փակվեց հարակից փողոց, ձվեր նետվեցին կառավարության շենքի ուղղությամբ: Քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներ ևս եղան, նրանց թիվը շուրջ 70 է։
«Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարումների ներքո ելույթ էին ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Հպարտություն ունեցեք, ծառայեք ՀՀ ազգային շահին։ Գիտակցում ենք արհավիրքը, որը կախված է մեր գլխին։ Վաղը բոլորս կանգնելու ենք պատմության դատի առաջ»,-ընդգծեց ելույթ ունեցողներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք, որ կեսօրից հետո կառավարության շենքի մուտքերի մոտ հավաքված քաղաքացիները երթով շարժվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Հանրապետության հրպարակում հայտարարված նստացույցը շարունակվում է։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան