Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, հնարավոր գույքային վնասները կառավարությունը կփոխհատուցի․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, հնարավոր գույքային վնասները կառավարությունը կփոխհատուցի․ Փաշինյան

2020-12-24 16:31 , Политика, 1373

Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, հնարավոր գույքային վնասները կառավարությունը կփոխհատուցի․ Փաշինյան

«Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել»,-այդ մասին կառավարության հերթական նիստում կրկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքներին:

Նկատելով, որ դրանք ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ՝ Փաշինյանը նշեց.

«Մեր համոզմունքն է՝ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որովհետև այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր դիրքորոշումը, պաշտպանության նախարարության դիրքորոշումն է՝ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, և Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում»:

Փաշինյանը, միաժամանակ, ընդգծեց, որ երկու բնակավայրի՝ Որոտանի և Շուռնուխի մասով, կարող են ծագել հարցեր:

«Կան որոշակի սահմանային հարցեր և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշպանված»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այդ առումով մեծ է ապատեղեկատվական արտահոսքը:

«Օրինակ, մի դեպքի վերաբերյալ կարող են լինել, օրինակ՝ հարյուրավոր հրապարակումներ, այսպես ասած տարբեր ռակուրսներով և տարբեր դրվագներով: Մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ և այդ հարյուրավոր հրապարակումներից համապատասխան մասշտաբային տպավորություն ստեղծվի: Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են:

Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է, այսինքն՝ այդ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ անվտանգության համակարգը լինի գործուն: Սա արվում է՝ անվտանգությունն ապահովելու համար: Իհարկե, մենք ունենք նոր իրավիճակ և այդ իրավիճակը նոր իրադրություն է: Այդ նոր իրադրությունը որոշակի էմոցիաներ է առաջանում, բայց կրկին ասում եմ, մենք պետք է մաքսիմալ հանդարտ այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք, ստեղծում ենք կամ արդեն իսկ տեսականորեն ստեղծել ենք, մնում է դա գործնականում իրականություն դարձնել»,-ասաց վարչապետը, որի խոսքով՝ այսօր առավոտյան քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, քաղաքացիների շահերի մաքսիմալ պաշտպանվածության ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։

«Այդ թեման նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր շտաբի պետի հետ եմ քննարկել: Մենք հստակ գիտենք, ընդ որում սանտիմետրի ճշտությամբ, թե որտեղ է, որ մենք կարող ենք խնդիր ունենալ: Եղել է խորհրդակցություն դեռ 10 օր առաջ, և եղել է հանձնարարական, որ նախնական կոմունիկացիա արվի այդ հատվածների բնակիչների հետ ու նրանց մանրամասն տեղեկատվություն տրվի, թե ինչ պրոցես է տեղի ունենում, ինչ նպատակով է տեղի ունենում և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ և լիարժեք կփոխհատուցի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարություն նիստից այս և այլ հարցերի շուրջ քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն այսօր հայտնել է, որ ադրբեջանցիները GPS-ով նշումներ են արել գյուղում, ըստ այդմ գյուղի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին։

Лента

Рекомендуем посмотреть