Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու - RadioVan.fm

Онлайн

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու

2020-12-23 18:41 , Право, 1235

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով համակարգում է ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժում»-ը, այսօր հրավիրվել է Քննչական կոմիտեի (ՔԿ) Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունների շուրջ բացատրություն տալու։

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից՝ նշելով, որ 2020թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Ւշխան Սաղաթելյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու առերևույթ հատկանիշներ պարունակող հայտարարությունների փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նախապատրաստվում են նյութեր։

Նշենք՝ Իշխան Սաղաթելյանն այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ երեկ ուշ երեկոյան տեղեկացվել է, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

«... հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։

Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։

Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ»,-գրել է Սաղաթելյանը։

Лента

Рекомендуем посмотреть