24 միլիոն եվրո Եվրամիությունից Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար - RadioVan.fm

Онлайн

24 միլիոն եվրո Եվրամիությունից Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

2020-12-23 18:25 , Экономика, финансы, 1402

24 միլիոն եվրո Եվրամիությունից Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Եվրոպական միությունը (ԵՄ) ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի․ որոշման մասին հայտարարվել է այսօր։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից մանրամասնում են, որ 24 միլիոն եվրո կազմող այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է՝ միտված օգնելու Հայաստանին ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական և ֆինանսական դիմակայունությունը։

«Այսօր հայտարարված այս աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35,6 միլիոն եվրո աջակցությանը՝ լրացուցիչ ֆիսկալ տարածք բացելով Կառավարության առողջապահական և հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով տուժած խոցելի խմբերի և ձեռնարկությունների օժանդակությանը»,-կարդում ենք հրապարակումից։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս բարդ ժամանակներում և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԵՄ-ի կառուցողական և արագ արձագանքի համար՝ ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35.6 մլն. եվրո աջակցությանը: Այս նոր հատկացումը տրամադրվել է ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև 2020թ. ստորագրված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, որն ուղղված է ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայմանը: Մենք համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի համավարակից Հայաստանի վերականգնմանը՝ օգնելով Կառավարությանը հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջացած դժվարությունները»,-նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս տարի մենք Հայաստանին արդեն հատկացրել ենք ՔՈՎԻԴ-19–ի հետևանքների չեզոքացմանն ուղղված շուրջ 60 միլիոն եվրո դրամաշնորհ ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, և դեռ սպասվում է ավելին: Ակնկալվում է, որ մեր օժանդակությունը կօգնի իրականացնել կարևոր տնտեսական բարեփոխումներ, պահպանել աշխատատեղեր և փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև խթանել Հայաստանի ներառական տնտեսական աճը: Համավարակի դեմ պայքարը վստահաբար դեռ չի ավարտվել, բայց մենք կարող ենք այն հաղթահարել միայն միասնական լինելով»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ դեկտեմբերի 23-ը, ժամը 11:00-ը, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 155 440 դեպք է հաստատվել, որոնցից 135 638–ն՝ առողջացած, 2691-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսով վարակված ևս 660 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Տվյալ պահին Հայաստանում հիվանդությունից բուժվում է 16 451 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 573 167 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть