Այսօր, դեկտեմբերի 22-ին մեկնարկել են «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարած՝ գործադուլը, դասադուլը և խաղաղ անհնազանդության ակցիաները ամբողջ հանրապետությունում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ժամը 12։00-ից ակցիաների մասնակիցները միավորվել են Հանրապետության հրապարակում՝ շրջափակելու ՀՀ կառավարության շենքը և այլ գերատեսչությունների շենքեր:
«Մեր պայքարը ենթադրում է վճռական, հետևողական, աննկուն պայքար մինչև վերջ: Եկեք բոլորս իրար խոստանանք և պայմանավորվենք երկու կարևոր բան․ առաջինը՝ երբեք սադրանքների և պրովոկացիաների չենք տրվում և երկրորդ` մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին»,-հրապարակի հարթակից հայտարարել է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը:
«Եթե ուզում եք ունենալ պետականություն, եթե ուզում եք ձեր երեխաներն ապրեն մեր հայրենիքում, եթե ուզում եք ունենալ բանակ, երկիր, հայրենիք՝ ուրեմն եկեք Հանրապետության հրապարակ։
Այսօր, այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը։
Առանց Նիկոլ Հայաստան»,-ֆեյսբուքյան իր էջում զուգառել գրել է Իշխան Սաղաթելյանը։
Ցուցարարները վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակի կենտրոնում, ոստիկանները հորդորում են հեռացնել դրանք։ Դեպի հրապարակ մուտքերը փակ են, ցուցարարները շրջափակել են կառավարության շենքը։
Հիշեցնենք՝ 17 քաղաքական ուժերը՝ «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Հայրենիք» կուսակցություն», «Մեկ Հայաստան»,«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները, Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը որակելով որպես «ազգադավ համաձայնագիր, մեր պատմության ամենաամոթալի էջ»՝ նոյեմբերի 11-ից ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ, «Արժանապատվության երթ»-եր, հիշատակի միջոցառումներ, խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Խորհրդարանական և արտախորհրդարանական այդ ուժերը նաև ներկայացրել են անցումային կառավարության վարչապետի իրենց թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդն օրեր առաջ նշելով, որ դեկտեմբերի 22-ն իրենց պայքարի ամենավճռական օրն է լինելու, նրանք համազգային գործադուլ և դասադուլ են հայտարարել։