ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր Սյունիքի մարզ պլանավորված այցին ընդառաջ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երեկ ուշ երեկոյան տեղի բնակիչներին կոչ էր արել առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակում միանալ դեպի Սյունիքի դարպասներ երթին՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։ Առավոտ վաղ հայտնի դարձավ, որ նրան բերման են ենթարկել։ Չնայած դրան՝ բազմաթիվ սյունեցիներ փակել էին մարզի մուտքերը, Փաշինյանի այցը կազմակերպելու նպատակով ոստիկանության ներքին զորքերի տասնյակ ծառայողներ էին մեկնել Սյունիք, մարզի դարպասների մոտ բախումներ եղան բնակիչների և ոստիկանների միջև:
Նիկոլ Փաշինյանը, մինչ մարզ հասնելը, հանդես գալով ուղիղ եթերով, ասաց, որ Սյունիք այցելելու իր որոշումը կրքեր բորբոքելու համար չէ, այլ ուղիղ սյունեցիաների աչքերի մեջ նայելով՝ նրանց հարցերին պատասխանելու։
Նրա առաջին կանգառը Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում է եղել, այնուհետ նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին և հանդիպում տեղի բնակչությանը։ Այնուհետ 13։56-ին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «համոզվել է, որ ճանապարհը փակել են, սգի օրով ուժային գործողությունների չենք գնա, վերադառնում են Երևան»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը