2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ:
Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ հայտնաբերվել է 1039 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Գերատեսչությունից շեշտում են, որ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ որոնողական աշխատանքներին փրկարար ջոկատների հետ մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ զինվորականները:
Հաղորդվում է, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի շրջանի լեռնաանտառային հատվածներում, Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում:
Հիշեցնենք՝ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։
Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացը մեկնարկել է նոյեմբերի 13-ին, այն իրականացվում է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ, որը բանակցող կողմ չի հանդիսանում։