«Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումը ամենևին կրքեր բորբոքելու համար չէ, այլ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով Սյունիքի բնակիչներին` ասաց մարզ ուղևորվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կրկին հավաստիացնելով, որ Սյունիքի մարզից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից, ոչ մի միլիմետր հող չի զիջվելու։
Նա միաժամանակ նշեց, որ ցավով է տեղեկանում, որ Սյունիք իր այցի մասին գրառումը «որոշակի կրքեր է բորբոքել»։
Նշենք` Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ տեղի բնակիչներին կոչ էր արել առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակում միանալ դեպի Սյունիքի դարպասներ երթին՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։ Առավոտ վաղ հայտնի դարձավ, որ նրան բերման են ենթարկել։ Չնայած դրան՝ բազմաթիվ սյունեցիներ փակել են մարզի մուտքերը․ լարված իրավիճակ է. Փաշինյանի այցը կազմակերպելու նպատակով ոստիկանության ներքին զորքերի տասնյակ ծառայողներ են մեկնել Սյունիք, մարզի դարպասների մոտ բախումներ են բնակիչների և ոստիկանների միջև: