ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
«Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը:
Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով»,-ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Նշվել էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով, շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: