Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս․ Օհանյանը բաց նամակով դիմում է Միրզոյանին - RadioVan.fm

Онлайн

Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս․ Օհանյանը բաց նամակով դիմում է Միրզոյանին

2020-12-19 18:36 , Политика, 1028

Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս․ Օհանյանը բաց նամակով դիմում է Միրզոյանին

ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բաց նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Օհանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում ասված է․

«Պարո´ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դու´ք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։

Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։

Ինձ մոտ հարց է առաջանում

1Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող խորհրդային միության սահմանները կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական Արցախը Ստալինի հրամանով 1921 թ բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։

2 Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս։

3 Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ»։

Նշենք՝ այսօր ժողովրդին հղած ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում այս օրերին տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ մարզում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, «ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին»:

«Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետևանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում: Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է»,-մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես և՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից։

Лента

Рекомендуем посмотреть