ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․
«Սիրելի՛ սյունեցիներ,
Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա, ու մեր պաշտպանությունն ամուր է»:
Նշենք՝ այսօր ժողովրդին հղած ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում այս օրերին տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ մարզում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, «ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին»:
«Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետևանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում: Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է»,-մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես և՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից։