«Այսօր՝ ժամը 13:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում՝ իրագործելու մեր խոնարհումի երթը դեպի Եռաբլուր: Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս եւ մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին»,-այսօր ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ, որքան էլ դժվար է, այս ամենը մեզ չպետք է մղի հուսահատության. Որովհետև մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը ապրի, Արցախը ապրի՝ հայ ժողովուրդը ապրի:
Փաշինյանը շեշտեց, որ այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման 40-րդ օրը, որ պատերազմը մեզ համար ծանր հետևանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին ռազմի դաշտում, և այս կապակցությամբ Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված:
«Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում՝ առանց կասկածի: Մենք ազգովի անցել ենք և անցնում ենք մղձավանջի միջով: Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է՝ մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո: Այս ամենի հետևանքով ձևավորվել է և ձևակերպվել մի մեծ հարցական. իսկ ի՞նչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո, և ո՞րն է լինելու մեր նպատակը»,-ասաց վարչապետը՝ շեշտելով՝ այսօրվա երթին ընդառաջ՝ խոնարհում է հայտնում մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների առաջ:
«Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր ու անհնար ամեն ինչ կանենք՝ մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, մեր լավատեսությունը վերադարձնելու, ապրելու, արարելու, Հայաստանը և Արցախը նորովի կառուցելու համար»,-նշեց գործադիրի ղեկավարը, որի խոսքով մենք պետք է ընկալենք աշխարհը նորովի, դիտարկենք մեր անելիքն ու դերակատարումը նորովի, նորովի գնահատենք հնարավորություններն՝ առաջին հերթին կրթության, գիտության, տեխնոլոգիական զարգացման ոլորտում։
«Մենք պետք է կառուցենք մեր երազանքը նորովի, ու մենք պետք է երազենք նորովի: Ու մեր երազանքները պետք է ժպիտ բերեն հանուն հայրենիքի նահատակված մեր եղբայրների հոգիներին, նրանց զավակներին, նրանց հայրենիքին: Եւ այդ երազանքների իրագործումը պիտի բերի այդ ժպիտը։ Փա՜ռք մեր ընկած հերոսներին, փա՜ռք մեր ապրող հերոսներին, ու փա՜ռք նրանց, ովքեր դեռ կհերոսանան մեր ժողովրդի երազանքները իրագործելու, մեր ժողովրդին ստեղծարար հաղթանակներ պարգևելու ճանապարհին»,-հավելեց նա։
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրդարձավ նաև Սյունիքում տեղի ունեցողին՝ վստահեցնելով, որ մարզից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, պարզապես տեղակայվում ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, ինչը անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար։