Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի կամավորները տուն են վերադարձել: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն ինչ նորալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում։
Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։
Ամեն ինչ կարգին է և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։
Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։
Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։
Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի կամավորականների ՀՀ վերադարձին է անդրադարձել նաև պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնելով, որ կամավորների խմբում եղել են նաև 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ, ովքեր ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին։
«Կեսգիշերն անց մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում։
Վստահ եմ` հետևողական աշխատանքներ են կատարվում մյուս խնդրահարույց դիրքերում առաջացած խնդիրների լուծման համար։ Ժողովուրդ ջան, հավատացեք, յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով արտակագ ռեժիմով անում ենք ամեն բան, որ մեր եղբայրները ողջ և առողջ, անփորձանք վերադառնան իրենց տաք օջախներ, իսկ մեր դիրքերը լինեն անառիկ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, ովքեր վերջին 5 օրն ամենօրյա կապ հաստատելով իմ և կամավորների հետ՝ մանրամասն ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, իրենց մեծ դերակատարությունն ունեցան այս կարևորագույն գործում»,- գրել է Սարուխանյանը։
Նշենք՝ օրեր առաջ Հին Շեն տանող ճանապարհի վրա ադրբեջանցիները հենակետ էին տեղադրել՝ փակելով ելումուտը։ Ռուս խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում՝ այն ճանապարհից հեռացվել էր, և Հին Շենն ապաշրջափակվել էր: