«Սուգ են հայտարարում եռօրյա, սխալ եմ համարում, ի՞նչը սգամ հիմա, եթե իմ երեխան չկա, շատերը չկան»․ Տիկին Անահիտը մեկն է այն ծնողներից, որը փնտրում է պատերազմի մասնակից իր որդուն՝ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի դպրոցի տնօրեն 29-ամյա Արսեն Անդրանիկի Հայրապետյանին, որը ռազմի դաշտ է մեկնել սեպտեմբերի 27-ին՝ զինկոմիսարիատի կանչով։
Մոր խոսքով՝ որդին վիրավորվել է Ջաբայիլի տարածքում մարտերի ընթացքում, նա այդ մասին տեղեկություն ունի, սակայն զինադադարի ուժի մեջ մտնելուց արդեն 1 ամսից ավելի է անցել՝ որդու մասին որևէ լուր չունի․ նա ո՛չ գերիների, ո՛չ զոհերի ցուցակում չկա։
Անահիտ Հայրապետյանի հետ զրույցից այլ մանրամասներ՝ աուդիոնյութում։
Հավելենք, որ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնք վերջին շրջանում տարբեր գերատեսչությունների շենքերի առջև բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց երեխաներին գտնելու խնդրանքով, այսօր կրկին հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան (ՌԴ) առջև, որից հետո շարժվել են դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն․ այն ծնողները, որոնց որդիները ոչ մի ցուցակում չկան, փոխանցել են նրանց անձնական տվյալները՝ որևէ լուր ստանալու հույսով։
Հիշեցնենք՝ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։
Նոյեմբերի 13-ին մեկնրակել է Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացը, որն իրականացվում է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ, որը բանակցող կողմ չի հանդիսանում։
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դեկտեմբերի 6-ին հայտնեց է, որ Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքները շարունակվելու են ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում/Ջաբրայիլում, Ֆիզուլիում և մյուս բնակավայրերում:
Դեկտեմբերի 12-ին հաղորդվեց, որ երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում և, որ Ջաբրայիլում գտնվել է 20, Թալիշի հատվածում՝ 1 զոհված զինծառայողի մարմին:
Առայսօր, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դեկտեմբերի 19-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, և հենց այդ օրը, չնայած նրան, որ կունենանք բազմաթիվ չճանաչված մարմիններ, անհետ կորածներ, այդուամենայնիվ, պետական կարգը այլևս չի հետաձգվի և Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի:
Սգո օրերի շրջանակում վաղը՝ 13։00-ին, հիշատակի երթ է նախատեսված Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Սևազգեստ մայրերից շատերը հայտարարել են, որ շրջափակելու են տարածքը և թույլ չեն տալու որպեսզի վարչապետը մուտք գործի Եռաբլուր։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան