Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, տեղեկանալով, որ տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով տալ այն: Այդ մասին գրում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»:
Հակոբ Կարապետյանը, մասնավորապես, գրել է.
«Լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»:
Իրականությունը հետևյալն է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի և պատերազմի հարուցած իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգևավճարներ:
Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգևավճարները:
Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ»: