Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը վստահեցնում է, որ Սյունիքի մարզի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․
«Սիրելի՛ սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․
1․Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում։
2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։
3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։
4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։
5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։
6.ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով:
7. Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
Հ.Գ. Սիրելի՛ սյունեցիներ, ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»։
Նշենք՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այսօր առավոտյան հրահանգվել է վաղը մինչև 17.00-ն Կապանի դիրքերը հանձնել թշնամուն։
«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնել է քաղաքապետը՝ նշելով, որ ստորագրված եռակողմ հայտարարությունով որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել: «Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վրաբերյալ որևէ բան չկա»,-ասել է նա։
ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում տեղակայվելու են ռուս սահմանապահներ։