Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Եվրոպական միությունը (ԵՄ) Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունից շեշտում են, որ Համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստանդարտներին և հարակից ԵՄ-Հայաստան արդարադատության ոլորտի բարեփոխման ռազմավարական քաղաքականության երկխոսությանը՝ աջակցության այս փաթեթը կնպաստի արդարադատության համակարգում բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավմանը և Հայաստանում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։
Ընդգծվում է, որ այսօր հայտարարված 9 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) և «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը և կարողությունների զարգացմանը։