Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից - RadioVan.fm

Онлайн

Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից

2020-12-16 00:42 , Политика, 1461

Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից

Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) պարզաբանումներ է սպասում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից (ՊԲ):

Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Նշենք՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել էր, որ թելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ են։

«Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել։ Մեկ այլ կետով նշվում է, որ գերեվարվածների թիվը 160 է»,- նշել էր նա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայ զինծառայողները գերեվարել են Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, դեկտեմբերի 12-ին վերսկսել էր հարձակողական գործողությունները Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել նշյալ բնակավայրերի ուղղությամբ, մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում մտնել են Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտեցել Խծաբերդ գյուղին։ Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը վեց վիրավոր է ունեցել, հակառակորդը՝ զոհեր և վիրավորներ։ Միաժամանակ նշվել էր, որ ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ, և բանակցություններ են ընթանում հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ կայքում հրապարակված քարտեզից պարզ դարձավ, որ ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։

Դեկտեմբերի 14-ին, սակայն, ՌԴ ՊՆ հրապարակած քարտեզը թարմացվեց՝ առանց հարավային տարածքների, այսինքն, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չեն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть