Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ը՝ Արաբկիրից Կենտրոն - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ը՝ Արաբկիրից Կենտրոն  

2020-12-14 20:20 , Политика, 1123

Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ը՝ Արաբկիրից Կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդն այսօր Երևանում «Արժանապատվության երթ» է անցկացրել, որը մեկնարկել է Արաբկիր համայնքից՝ Վահագն Դավթյանի այգու հարակից տարածքից, և, ընթանալով մայրաքաղաքի գլխավոր փողոցներով՝ ավարտվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում:

«Դու այս տարիների ընթացքում ապականեցիր ամեն ինչ՝ մեր ազգային արժեքները, ջլատեցիր հայ հասարակությունը՝ բաժանելով սևերի և սպիտակների։ Դավաճան, հեռացիր»,-բարձրաձայնել են երթի մասնակիցները՝ հորդորելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:

«Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, ում գործունեության արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի մեծագույն մասը և ունեցանք մարդկային ահռելի կորուստներ։

Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը։

ՀՀ քաղաքացին ունի մեկ ճանապարհ. ոտքի կանգնել՝ դավաճանին հեռացնելու և հայրենիքը փրկելու համար։

Մենք կորցնելու հայրենիք չունե՛նք։ Մենք պետք է միասին հեռացնե՛նք խելագարին և փրկե՛նք հայրենիքը։ Մենք պետք է միասի՛ն կառուցենք մեր երազանքի հայրենիքը»,-հայտարարել է նշել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելյալ հայտնելով, որ իրենց պայքարը շարունակվում է և վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին, «Արժանապատվության երթ» կմեկնարկի «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքից:

Հավելենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա, այսօր էլ ժողովրդին հղած ուղերձում անդրադառնալով իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին՝ հայտարարել է, որ ժողովրդի կողմից իրեն տրված կարգավիճակից կարող է հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա:

«Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть