Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հոգի:
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը «Էրեբունի» օդանավակայնում հայտնել է, որ իր անձնական վերահսկողության ներքո Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ, ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձվել է 44 մարդ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտում է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից:
«Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է: Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ֆեյսբուքյան գրառմամբ նշել է Ավինյանը:
Նշենք՝ օդանավակայանում մեր հայրենակիցներին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:
Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը»:
Այսօր երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակումը՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Հաղորդվել էր, որ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, նրանց հետ Ադրբեջան են վերադարձել նաև այլ գերիներ, իսկ հայկական կողմը 18:43-ի դրությամբ դեռ սպասում էր մեր գերիների առաջին խմբի վերադարձին:
Այսօր ժողովրդին հղած ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այս փուլում «պետք է սկսեն վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը