Մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով․ հայկական կողմը սպասում է, ադրբեջանցի դիվերսանտներն արդեն Բաքվում են - RadioVan.fm

Онлайн

Մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով․ հայկական կողմը սպասում է, ադրբեջանցի դիվերսանտներն արդեն Բաքվում են

2020-12-14 19:29 , Политика, 1313

Մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով․ հայկական կողմը սպասում է, ադրբեջանցի դիվերսանտներն արդեն Բաքվում են

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակումը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին։

Ըստ Բաքվի՝ գերիների փոխանակումը տեղի է ունենում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Հիշեցնենք՝ թե´ ադրբեջանական, թե´ հայկական կողմը հայտարարել են, որ գերիների և պատանդների փոխանակման գործընթացում հակված են «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմանը։ Թե, մասնավորապես, ինչ է ենթադրում այդ սկզբունքը՝ որևէ պարզաբանում դեռ չի տրվել, թեև այսօր Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել է, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, նրանց հետ Ադրբեջան են վերադարձել նաև այլ գերիներ, մինչդեռ հայ գերիների վերադարձի մասին ոչ մի տվյալ այս պահին չկա:

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում 18։43-ին միայն գրել է, որ սպասում են մեր գերիների առաջին խմբի վերադարձին:

Հիշեցնենք՝ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է, որ այս փուլում «պետք է սկսեն վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես»։

Դեկտեմբերի 4-ին հաղորդվել է, որ հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին (ԿԽՄԿ), թեև Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ նրա աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, շուրջ 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть