Ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատում, Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիա․ համանախագահներին ասվել է առաջնահերթությունները - RadioVan.fm

Онлайн

Ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատում, Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիա․ համանախագահներին ասվել է առաջնահերթությունները

2020-12-14 17:21 , Политика, 934

Ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատում, Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիա․ համանախագահներին ասվել է առաջնահերթությունները

Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների՝ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ ՀՀ արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Արա Այվազյանի հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր են եղել:

Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում են ԱԳՆ-ից։

«Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտեց, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին»,-ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Հայտնել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին եղել են Բաքվում, որտեղ հայտարարվել է, որ նրանց չեն հրավիրել, դեկտեմբերի 13-ին՝ նրանք ժամանել են Հայաստան։ Այսօր կեսօրին մոտ էլ մեկնարկել էր ՀՀ արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Лента

Рекомендуем посмотреть