Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Նշենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը պաշտոնական այցով Երևան են ժամանել Բաքվից։ Այնտեղ, հիշեցնենք, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջիններին ինքը չի հրավիրել Բաքու, և եթե նրանք ասելիք չունեն, կարող են հեռանալ:
«Բաքու գալը ձեր գաղափարն էր։ Ես սա կարող եմ ևս մեկ անգամ ասել տեսախցիկների առջև. ես Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, դեմ չեղա։ Գուցե նրանք ինչ-որ բան ունեն ասելու։ Եթե ուզում եք ասել տեսախցիկների առջև, ասացեք, եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ։ Լսում եմ ձեզ», -հայտարարել էր Ալիևը։