«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հղում անելով Սյունիքի մարզպետարանին՝ գրում է.
«Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:
Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ գրել է.
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ ,թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ,Փամբակ,Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները»։
Սահմաններին տիրող իրավիճակին է անդրադարձել նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Հարգելի հայրենակիցներ,
Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։
ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»:
Նշենք՝ այսօր Թելագրամի Mediaport ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր.
«Այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի, Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա [օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է]: Կապանում հայտարարվել է № 1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:
Թշնամին 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար»։