Որոշակի լարվածություն կարող է առաջանալ Կուբաթլու և Զանգելան շրջաններում. Փաշինյանը՝ ստեղծված վիճակի և առաջիկայի մասին - RadioVan.fm

Онлайн

Որոշակի լարվածություն կարող է առաջանալ Կուբաթլու և Զանգելան շրջաններում. Փաշինյանը՝ ստեղծված վիճակի և առաջիկայի մասին

2020-12-13 22:20 , Политика, 1547

Որոշակի լարվածություն կարող է առաջանալ Կուբաթլու և Զանգելան շրջաններում. Փաշինյանը՝ ստեղծված վիճակի և առաջիկայի մասին

«Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ:

Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է:

Երեկ արդեն մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա»,-կառավարությունում հրավիրված Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով:

«Այսինքն, այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս և հետևաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո: Անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են և այսօր Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա:

Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում որոշումներ պետք է կայացվեն, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ:

«Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով նաև գերիների փոխանակման գործընթացի մասին, որում, նրա գնահատմամբ, որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն կա:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քննարկված հարցերի մասով խուճապի մատնվելու կարիք չկա, պարզապես պետք է կայացնեն որոշումներ և իհարկե կկայացնեն դրանք:

Անվտանգության խորհրդի նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Лента

Рекомендуем посмотреть