Բաքուն հայտնել է 4 զոհի և 2 վիրավորի մասին - RadioVan.fm

Онлайн

Բաքուն հայտնել է 4 զոհի և 2 վիրավորի մասին

2020-12-13 16:43 , Общество, 1226

Բաքուն հայտնել է 4 զոհի և 2 վիրավորի մասին

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող, կա 2 վիրավոր։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:

«Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված զինադադարի մասին հայտարարությունից հետո Հադրութից հյուսիս-արևմուտք ընկած անտառներում մնացել են հայկական զինված ջոկատներ»,-ադրբեջանական վերոնշյալ գերատեսչությունների համատեղ հայտարարությունն է մեջբերում «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հավելելով, որ «ադրբեջանական կողմը բոլոր պայմաններն ապահովել է հայկական զինված ջոկատների դուրսբերման համար»:

Հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին։ ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր, հայտնելով, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները երեկ, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել նշյալ բնակավայրերի ուղղությամբ, մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում մտնել են Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտեցել Խծաբերդ գյուղին։ Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ Միաժամանակ նշվել է, որ ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ, և, ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այդ պահին՝ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։

Հավելենք՝ Հանրապետության նախագահը հորդորել է ՊՆ-ին և արտաքին գործերի նախարարությանը (ԱԳՆ)՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հին Թաղեր, Խծաբերդ բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Միաժամանակ կոչ է արվել Ազգային ժողովին՝ շտապ արտահերթ նիստ գումարել, քննել Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

Лента

Рекомендуем посмотреть