Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի Աղդամի շրջանում:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Աղդամը շրջանն անցել է Բաքվի վերահսկողության տակ:
«Մենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում ենք։ Դա արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ։ Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը կհետևի հրադադարի ռեժիմին։ Իմ կարծիքով, դա տարածաշրջանային համագործակցության լավ ցուցանիշ է, այդ թվում ՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցության։ Սա արդեն իրողություն է»,- Ալիևի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ 44 օր տևած պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 20-ին թշնամուն է հանձնվել Աղդամի շրջանը, դեկտեմբերի 25-ին՝ Քելբաջարի/Քարվաճառի շրջանը, դեկտեմբերի 1-ից Ադրբեջանի վերակսկողությանն է հանձնվել Լաչինի (Քաշաթաղի) շրջանը․ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ վերահսկվելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից:
Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր ստորագրեցին:
Դեկտեմբերի 1-ին էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել կենտրոնի ստեղծման շուրջ՝ Ադրբեջանի տարածքում տեղակայվելիք ռուս-թուրքական համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար է լինելու: