ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ ադրբեջանական կողմի այսօրվա հարձակումների առնչությամբ:
«Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը եւ այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»,-տեղեկացրել է վաչապետի խոսնակը, ով ժամ առաջ նույն խնդրին անդրադառնալով՝ գրել էր, որ ադրբեջանական ուժերի հարձակումը պետք է արժանանա առաջին հերթին Ռուսաստանի խաղաղապահների արձագանքին:
Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը անդրադառնալով Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, հայտնել էր, որ իրականությունն այլ է, ըստ որի՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: