Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում:
«Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները:
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին»,-մանրամասնում են նախագահականից:
Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն էլ՝ զրուցակիցները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակը, երկրի անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում կարեւորել են ներքաղաքական կայունությունը և ներքաղաքական գործընթացներում բռնության բացառումը:
Վերջին օրերին, նշենք, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: