Գերիների փոխանակման գործընթացում որոշակի զարգացումներ կան․ Ավինյան - RadioVan.fm

Онлайн

Գերիների փոխանակման գործընթացում որոշակի զարգացումներ կան․ Ավինյան

2020-12-11 17:31 , Политика, 852

Գերիների փոխանակման գործընթացում որոշակի զարգացումներ կան․ Ավինյան

Գերիների փոխանակման գործընթացում որոշակի զարգացումներ կան․ այդ մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ նախօրեին կայացած Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ասել է Ավինյանը՝ հիշատակելով դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից երեք հայ քաղաքացիական գերիների Հայաստան տեղափոխմանը։

Նշենք՝ Արցախի օմբուդսմենը հայտնել էր, որ նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Նրանց հետ միասին փոխանցվել է նաև մեկ այլ տարեց անձի մարմին, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում: ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ու արդեն ՀՀ բուժհաստատութուններում գտնվող նշյալ քաղաքացիական անձանց։

«Ներկայումս թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը: Գերիների փոխանակման գործընթացում, ինչպես հայտարարել ենք, մենք առաջարկել ենք կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց: Նշեմ, որ արվում է հնարավոր ամեն բան փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար»,-կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է փոխվարչապետը։

Նիստի ընթացքում քննարկվել են զոհվածների դիերի ԴՆԹ վերլուծության միջոցով նույնականացման գործընթացն առավել արագացնելու ուղիները: Նշվել է, որ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի արագացնել նույնականացման գործընթացը:

Лента

Рекомендуем посмотреть