Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում, բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը․ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում նման որոշում են ընդունել։
«Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`
-Անձնագրի պատճեն
-Անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
-Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
-Հասցե
-Հեռախոսահամար
Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»,-մանրամասնում են առողջապահական գերատեսչությունից:
Նշենք՝ կառավարության մեկ այլ որոշմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչև նրանց կարգավիճակի հստակեցումը, 300 000 դրամի չափով սոցիալական աջակցություն կտրամադրվի, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար։