44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր․ Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա ուղերձով - RadioVan.fm

Онлайн

44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր․ Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա ուղերձով

2020-12-10 18:58 , Право, 1203

44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր․ Արցախի և ՀՀ ՄԻՊ-երը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա ուղերձով

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 1948 թվականին հենց այս օրը ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ մարդու իրավունքները, խաղաղությունն ու զարգացումը դարձնելով աշխատանքի կարևոր հիմնասյուներից:

Օրվա առթիվ ուղերձներ են հղել ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները (ՄԻՊ)։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ուղերձում ասված է․

«Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նաև անկախության ու սահմանադրական հանրաքվեների օրերը: Դա նշանակում է, որ Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է՝ հենված համամարդկային ու ազգային արժեհամակարգի ու երազանքների վրա:

2020 թվականի դեկտեմբերի 10-ը Արցախը դիմավորում է ծանրագույն մարտահրավերների առկայության պայմաններում՝ ուղղված նաև մարդու իրավունքների պաշտպանության դեմ: 44 օր շարունակ աշխարհը փաստացի միջազգային անտարբերության ու անգործության պայմաններում ականատես եղավ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների իրավունքների զանգվածային ու կոպիտ ոտնահարումներին: 44 օր շարունակ յուրաքանչյուր օր միջազգային հանրության անտարբերության և թողտվության հետևանքով մարում էր հայ ժողովրդի հավատը՝ մարդու իրավունքների համընդհանրության և հավասարության նկատմամբ: 44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, այլ ոչ թե մարդու իրավունքների համընդհանրություն հռչակող միջազգային հանրությունը:

Եւ, չնայած կրած մեծագույն մարդկային ու տարածքային կորուստների՝ Արցախը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և պաշտպանության համար: Պայքարը դրսևորվելու է նախևառաջ հայկական պետականության սահմանների, թիկունքի ու ինստիտուտների ամրացմամբ: Մենք շարունակելու ենք պայքարը մեր երեխաների մեջ սեփական ներուժի ու մարդու իրավունքների նկատմամբ հավատ և հարգանք սերմանելու միջոցով: Արցախը պայքարը շարունակելու է միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու, աչքերը բացելու և գործողությունների մղելու միջոցով:

Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը հանուն մեր իսկ իրավունքների ու ազատությունների, հանուն մեր արժանապատիվ կյանքի և հանուն մարդու իրավունքների համընդհանրության իրական ապահովման ողջ աշխարհում: Եւ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն առաջին հերթին մեր պետության ներսում և բոլորիս կողքին ու մեջ մարդու իրավունքների պաշտպանության բարձր մշակույթի արմատավորմանն ու պահպանմանը, ինչն անհրաժեշտ պայման է Արցախի անկախության ու սահմանադրական կարգի հիմնարար արժեքների ու սկզբունքների պատշաճ իրացման համար:

Խաղաղություն, ամրություն ու հավատ բոլորիս օջախներին»։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձում էլ ասված է․

«2020 թվականն ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների հիմնարար համատարած ու համակարգային խախտումներով, տեղի ունեցան դաժանություններ, խոշտանգումներ ու անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր միայն այն պատճառով, որ նրանք հայ են: Ցավոք, այս ամենը միջազգային քաղաքակիրթ հանրությունը դեռ պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» հռչակած «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» կանոնը մեզ համար չդարձավ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք:

Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։

Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի երաշխավորումը համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում բոլորիս կարևորագույն առաքելությունն է:

Մարդու իրավունքների պաշտպանության օրը ցանկանում եմ արժևորել այն իրավապաշտպանների, լրագրողների ու փաստաբանների դերը, որոնք ամեն օր կատարում են իրենց աշխատանքը հանուն մարդու իրավունքների երաշխավորման։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի սահմաններում իմ ամենօրյա աշխատանքն ու ջանքերը ուղղված են մեր երկրում մարդու իրավունքների ապահովման գործող կառուցակարգերի կատարելագործմանը, հասարակական իրազեկվածության բարձրացմանը, առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանը բարձր նպաստ բերելը՝ երեխաներից մինչև տարեցներ, լինի դա փակ կամ խնամքի հաստատություն, իրավապահ մարմին կամ համայնքային հաստատություն»։

Лента

Рекомендуем посмотреть