100 տոկոսով կփոխհատուցվի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու առաջին կիսամյակի ուսման վարձը․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել։
Միջոցառումը վերաբերում է ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, օրդինատորների ուսանողներին։
«Առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցման շահառուներն են՝ օգտվում են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել, կամ ծնողը, կամ եթե ամուսիններից որևէ մեկը մասնակից է այս պատերազմին։ Իսկ կարգն այսպիսին է՝ ովքեր կզորացրվեն և կունենան համապատասխան նշում զինգրքույկում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել, կամ տարբեր ջակոտներով, նրանց մասնակցության փաստի հավաստությունը կհաստատվի համապատասպան լիազոր մարմինների տեղեկանքներով»,-որոշման նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ հստակեցնելով, որ խոսքը ոչ թե երկրորդ, այլ՝ առաջին կիսամյակի մասին է, և արդեն վճարում կատարած ուսանողին այդ գումարը հետ կվերադարձվի։
Հիշեցնենք՝ կառավարությունը նախորդ շաբաթվա նիստում հայտարարել էր, որ մշակում է որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին՝ երկրորդ կիսամյակի վարձավճարի տեսքով։