ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։
«Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն, որ նրանց գտնվելու վայրն անհայտ է դարձել զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու արդյունքում։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ հնարավորին սեղմ ժամկետում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների և նրանց ընտանիքների այն անդամների տվյալները, որոնց պետք է վճարվի այդ զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումով նախատեսված գումարները»,-նշված է որոշման նախագծում:
«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ մինչև նրանք կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ այս պահին 500 մլն դրամի չափով։ Այնուհետեւ՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Մեր օրենսդրության համաձայն նաև անհետ կորած զինծառայողներն են համարվում հիմնադրամի շահառու: Բայց օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգեր է նախատեսել, որպեսզի այդ կարգավիճակը ստանան զինծառայողները: Դրա համար նախ մենք օրենսդրության մեջ փոփոխություն ենք մտցնում և կրճատում ենք այդ ժամկետը։ Այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։
Մինչև հիմա օրենսդրությամբ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենա մեկ և ավելի տարվա ընթացքում: Մենք ժամկետները կրճատելու ենք, որպեսզի այն ավելի արագ տեղի ունենա: Բայց ժամկետներն ինչքան էլ կրճատենք, այնուամենայնիվ, մի քանի ամիս այդ պրոցեսները տևելու են: Ըստ այդմ, որոշում ենք կայացրել բյուջեից գումար փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցություն տրվի՝ մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե այս պրոցեսի արդյունքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն պիտի ստանան օրենքով սահմանված աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի: Այսինքն՝ կնվազեցվի այդ գումարից, որն ի սկզբանե պետք է ստանային: Եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում դա ուղղակի կլինի որպես աջակցություն: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում ներառվում են նաև գերեվարված անձանց ընտանիքները. այս որոշման իմաստով մենք որոշեցինք, որպեսզի նրանք նույնպես այս հնարավորությունից օգտվեն դարձյալ նույն սկզբունքներով»,-պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով անհայտ կորածին դատարանով մահացած ճանաչելու ժամկետը երկուսի փոխարեն կսահմանվի մեկ տարի։