«Այդ մարդկանց 90 տոկոսը, ովքեր այսօր հրաժարականը պահանջում են, այն մարդիկ են, ովքեր 2018-ի հունիսից արդեն հրաժարական էին պահանջում, մի մասը՝ ներքուստ, մյուս մասը՝ հրապարակային էր պահանջում: Հիմա դուք ասում եք պատերազմ, բայց, եթե հետ նայեք պատերազմից առաջ, կտեսնեք, որ այդ ասելիքն ու կազմը չի փոխվել: Բայց իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ չեն պահանջում, այդ թվում՝ դուք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-այդ մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանի ամբիոնից արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե իր հրաժարականն են պահանջում ՀՀ նախկին նախագահները, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, Հայոց Եկեղեցու Հայրերը, մտավորականները՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի դիտարկմամբ՝ Մարուքյանի թվարկած ուժերն առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն:
«Առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, որը չունի նույնիսկ հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես:
Հետևաբար, եթե այս պայմաններում տեղի ունենա փոփոխություն, և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան և ոչ մի աջակցություն, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու և ո՞ւմ է պատկանելու այդ իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել ու այդ կարգավիճակին են հասցրել»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այն մեկ տարվա ընթացքում, որի մասին ասում է ընդդիմությունը, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի Հայաստանը կրկին վերադարձվի այդ փուլ։
Փաշինյանն ընդգծեց՝ այն ուժերը, որոնք պահանջում են իրենց տալ իշխանություն՝ դրա լեգիտիմությունը չունեն։
Պատգամավորների և կառավարության անդամների հետ հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ «Նիկոլ, հեռացիր» վանկարկմամբ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը՝ համակիրների հետ, երթով անցել է Պռոշյան-Բաղրամյան փողոցով․ վերջնակետը Ազգային ժողովին հարակից տարածքն է, որտեղ մեկնարկել է նրանց հավաքը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր 17 ուժերը, այդ թվում՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, «Հայրենիքը», վերջնաժամկետ էին տվել Նիկոլ Փաշինյանին՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00 հեռանալու համար: Պահանջը չի կատարվել, երեկ հայտարարվեց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ սկսելու մասին։ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հղած ուղերձում նշել է, որ իրենք չենք ուզում ցնցումներ, իրենց հանրային համերաշխություն է պետք, և, որ իրենք ժողովրդի աջակցությամբ կձևավորեն ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվեն հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստեն նոր ընտրություններ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը