Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին, հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցել է և իր ներդրումն է ունեցել տարածքների վերադարձի հարցում։
«43-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը, Թուրքիան օգնել է ինչով կարող էր ու իր ներդրումն է ունեցել տարածքների ազատագրման հարցում: 30 տարվա անարդարությունն ավարտված է: Մեր աջակցությունն Ադրբեջանին կշարունակվի»,-«Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Բաքու թռիչքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Գործակալությունն ընդգծում է, որ Ադրբեջանը համաձայնագիրն անվանել է «կապիտուլյացիա», նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այն առավել շահեկան է իր երկրի համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «խոստովանել է, որ որոշումը իրեն ծանր է տրվել, բայց թույլ է տվել փրկել այն, ինչը Ղարաբաղը կկորցներ»։
«Դրանից հետո Երևանում սկսվեցին բողոքի ցույցեր ՝ կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջով»,-միաժամանակ ընդգծում է «Ռիա նովոստին»։
Հավելենք՝ Թուրքիայի նախագահը տիկնոջ հետ Բաքու է ժամանել մասնակցելու Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի առիթով վաղը՝ դեկտեմբերի 10-ին կայանալիք զորահանդեսին: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, շքերթում ցուցադրվելու է նաև հայկական կողմից առգրավված ռազմատեխնիկան։