Կառավարության կողմից գործարարությանն առնչվող խնդիրը չլուծելու պատճառով՝ ՀՀ ՄԻՊ-ը ՍԴ-ից հետ վերցրած դիմումը կրկին ներկայացրել է - RadioVan.fm

Онлайн

Կառավարության կողմից գործարարությանն առնչվող խնդիրը չլուծելու պատճառով՝ ՀՀ ՄԻՊ-ը ՍԴ-ից հետ վերցրած դիմումը կրկին ներկայացրել է

2020-12-09 18:14 , Право, 1173

Կառավարության կողմից գործարարությանն առնչվող խնդիրը չլուծելու պատճառով՝ ՀՀ ՄԻՊ-ը ՍԴ-ից հետ վերցրած դիմումը կրկին ներկայացրել է

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:

Հիշեցվում է, որ այդ հարցով Պաշտպանը Բարձր դատարանից հետ էր վերցրել որոշ ժամանակ առաջ հասցեագրած դիմումը, քանի որ Կառավարության հետ ձեռք էր բերվել պայամանավորվածություն, որ բարեփոխումներով արագ լուծում կտրվի այս հարցին:

«Սակայն հաշվի առնելով, որ դրանից հետո Կառավարությունը չընդունեց, որ առկա է սահմանադրականության խնդիր ու այդպիսով փոփոխություններ չեն իրականացվել՝ Մարդու իրավունքների պաշտպանը նորից դիմել է Սահմանադրական դատարան, հաշվի առնելով, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով՝ 1000000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։ Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։

Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/ կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:

Վերոնշյալ վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть