«Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք»,-այդ մասին այսօր տարածած ուղերձում նշել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ասելով, թե իրենք ժողովրդի աջակցությամբ կձևավորեն ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվեն հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստեն նոր ընտրություններ։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։
Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։
Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։
Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ։
Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։
Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։
Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին»,-ասված է Վազգեն Մանուկյանի ուղերձում։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը, որը դեկտեմբերի 5-ին հրավիրած հանրահավաքում վարչապետին մինչև դեկտեմբերի 8-ը, ժամը 12։00-ն, հրաժարական տալու վերջնաժամկետ էր ներակայացրել, արձանագրելով, որ այն սպառվել է, իսկ իրենց պահանջը չի կատարվել՝ երեկ հայտարարեց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ սկսելու մասին՝ մինչև ժամը 17։00-ն հանրապետության որոշ համայնքներում և մայրաքաղաքում ապակենտրոն փակելով այս կամ այն փողոցը։ «Հայրենիքի փրկության շարժում»-ը այսօր ևս կշարունակի իրականացնել խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ․ ժամը 16։00-ին ծրագրված է հավաք ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) դիմաց։
«Ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։ Միասին փրկենք մեր Հայրենիքը»,-ընդգծվում է տարածած տեղեկատվությունում։