18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել. Բադասյանը՝ Քրեական նոր օրինագծի մասին - RadioVan.fm

Онлайн

18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել. Բադասյանը՝ Քրեական նոր օրինագծի մասին

2020-12-09 12:01 , Право, 1126

18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել. Բադասյանը՝ Քրեական նոր օրինագծի մասին

ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը։ Նախօրեին կայացած քննարկմանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ նախագծում հստակեցված են քրեական օրենսդրության խնդիրները, հանցանք կատարած անձը պետք է իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկվի, որպես օրինապահ անձ նրան հասարակություն վերադարձվի, ապահովվի հասարակությունում նրա վերաինտեգրումը, փոփոխություններ են կատարվել հանցագործությունների դասակարգման մեջ, իրականացվել է ապաքրեականացում և քրեականացում:

Նախարար Բադասյանը, անդրադառնալով խորհրդարանականների կողմից օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը։

Թե այս նոր Օրենսգիրքը որքան սպասված ու կարևոր է, առանձնապես չեմ անդրադառնա, միայն նշեմ, որ այս օրվան սպասել ենք երկար ժամանակ։

Մի քանի կետով ներկայացնեմ բարեփոխումների հիմնական ուղղությունները։

Քրեական օրենսգրքի նախագծով

-Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց։

-Կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:

-Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում:

-Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:

-Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը:

-Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն։

-Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին»:

Հավելենք, որ նախագծի ընդունմամբ գործադիրն ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշները, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը, ինչպես նաև երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը:

Лента

Рекомендуем посмотреть