Հայտնի են պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության վերջնական արդյունքները։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պաշտոնական կայքը տեղեկացնում է.
«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները դեկտեմբերի 5-ին ամփոփվեցին ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստում։ Արդյունքում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով հնգամսյա դասընթացներին մասնակցելու հնարավորություն ստացան 770 դիմորդ, որոնցից 436-ը՝ քաղաքացիական անձինք, 282-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Ուսման հնարավորություն ստացած անձանցից 52-ն իգական սեռի ներկայացուցիչներ են։
Այս դժվարին փուլը հաղթահարած բոլոր անձանց մաղթում ենք ուսումնառության ընթացքում նորանոր հաջողություններ, ուժ և վճռականություն՝ պատասխանատու ծառայությունն առաջինն ստանձնելու նպատակի իրագործման համար։
Մրցույթն անցած քաղաքացիական անձանց (ոստիկանության ծառայող չհանդիսացող) խնդրում ենք դեկտեմբերի 8-ից 10-ը ներառյալ՝ ժամը 9։30-ից մինչև 16։00-ն, անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն համապատասխան պայմանագիր կնքելու համար»։