Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի առնչությամբ Ազգային ժողովում (ԱԺ) դռնփակ ռեժիմում հրատապ քննարկում է կայացել՝ առանց կառավարության ներկայացուցչի։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կառավարությունից ներկայացուցիչ չի եկել՝ չնայած նրան, որ կանոնակարգի 58-րդ հոդվածը տալիս է նման հնարավորություն»,-գրել է Մարուքյան, ով այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ «Իմ քայլ» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել այդ հարցի շուրջ ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը։
«Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը։
Այդուամենայնիվ, Ազգային ժողովը «Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը» հրատապ թեմայով քննարկման արդյունքում միաձայն (100 կողմ) ընդունել է Ազգային ժողովի ուղերձը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ընթերցելով ուղերձը, նշել է, որ, հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և զոհերի մարմինների վերադարձը, ինչպես նաև թաքցնում է գերության մեջ գտնվող անձանց թիվն ու շարունակում է նրանց նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն ու խոշտանգումները, ՀՀ ԱԺ-ն ուղերձով դիմում է միջազգային հանրությանն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին, որպեսզի վերջիններս հորդորեն Ադրբեջանին՝ վերադարձնել հայ գերիներին։
«ՀՀ Ազգային ժողովը, հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965 թ. միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի նորմեր սահմանող այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի հանձնառությունը՝ վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաև զոհերի դիերը, արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը. ակնհայտորեն չի ընդունում իր իշխանության տակ հայտնված ռազմագերիների և ազատազրկված քաղաքացիական անձանց իրական թիվը, թաքցնում է նրանց իրական թիվը, շարունակում դաժան վերաբերմունքը, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները, ավելին՝ իր զինված ուժերի առանձին ներկայացուցիչների միջոցով տեսագրում այդ ամենը և տարածում սոցիալական ցանցերում և մեդիայում.
հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների համակարգված քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու գործում դեր ունեցած անձանց հերոսացմանը՝
ՀՀ Ազգային ժողովն ուղերձով դիմում է՝
Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ֊ի խոշտանգումների դեմ կոմիտեին և Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց,
Կոչ ենք անում՝
- Հորդորել Ադրբեջանին անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված, անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց.
- Պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող այլ քաղաքացիական անձանց նկատմամբ.
- Պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում դպրոցներում, ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային հայտարարություններում, սոցիալական ցանցերում, մեդիայում, ինչպես նաև հայատյացության պետական քաղաքականության ցանկացած այլ դրսևորման մեջ.
- Առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների ու ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.
- Գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խիստ պահպանմանը»,-ասված է «Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու» ՀՀ Ազգային ժողովի ընդունած ուղերձում, որը Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ կթարգմանվի ՄԱԿ-ի բոլոր լեզուներով և կուղարկվի միջազգային բոլոր կառույցներին՝ որպես հայկական միասնական քաղաքական կամքի դրսևորում։