«Հայաստանը նման է ահավոր փոթորկի մատնված անղեկ նավի»․ Արամ Ա-ն Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը նման է ահավոր փոթորկի մատնված անղեկ նավի»․ Արամ Ա-ն Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ

2020-12-08 15:49 , Общество, 1285

«Հայաստանը նման է ահավոր փոթորկի մատնված անղեկ նավի»․ Արամ Ա-ն Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ

Մեր ժողովրդի ներքին միասնականությունը ու հավաքական կամքը պետք է երաշխիք դառնա վաղվա հզոր Հայաստանի և Արցախի, հավաքական կամքը, հայրենիքի ու ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերը պետք է գերակա մնան ամենից։ Այս սկզբունքներից ու հանձնառությունից մղված շուրջ երկու տարի առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի ղեկը, և ներկա ճգնաժամային պայմանների մեջ կոչ ենք ուղղում Նիկոլ Փաշինյանին հրաժարվել վարչապետությունից՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին նոր վարչապետ ընտրելու։

Այդ մասին ասված է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձում, որում միաժամանակ ընդգծվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած փաստաթուղթը Արցախի հետ մեկտեղ վտանգում է նաև Հայաստանի հողային ամբողջականությունը, անվտանգությունը, անկախությունը, և Հայաստանը նման է ահավոր փոթորկի մատնված անղեկ նավի։

«Սիրելի՛ ժողովուրդ հայոց,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու ներկայութեան, հետևեալ հայրապետական պատգամը կ’ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն.-

Հայ ժողովուրդը խոր տագնապի մէջ է. պարտուած ըլլալու հոգեվիճակը զինք անորոշութեան ու յուսահատութեան մատնած է։ Արդարև, մեր զաւակներու արիւնով կերտուած ու ծաղկած Արցախին մեծ մասը կորսնցուցինք՝ հակառակ մեր հերոս բանակին ցուցաբերած քաջ դիմադրութեան թուրք-ազերիական բանակին դէմ։ Կորսնցուցինք նաև մեր ազգային արժանապատուութիւնը ու հպարտութիւնը։ Ունեցանք մեծաթիւ զոհեր, գերիներ, վիրաւորներ և գաղթականներ։ Երկրագունդի տարածքին չկայ հայ մը, որ ազգին մեծ կորուստին տառապանքը չ’ապրիր։ Այս ահաւոր ողբերգութեան մասին ժողովուրդը համապարփակ ու յստակ հաշուետուութիւն կը պահանջէ։

Կը գտնուինք անորոշութեան դիմաց։ Մեր ժողովուրդի զաւակները Հայաստանի, Արցախի և Սփիւռքի մէջ իրենց արդար բողոքն ու ընդվզումը կ’արտայայտեն՝ Հայաստանի ու Ազրպէյճանի միջև ստորագրուած համաձայնութեան այնպիսի փաստաթուղթի մը նկատմամբ, որ Արցախի կողքին նաև կը վտանգէ Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը ու անկախութիւնը։ Փաստօրէն, Հայաստանը կը նմանի ահաւոր փոթորիկի մատնուած անղեկ նաւու։

Ճակատագրական այս պայմաններուն մէջ, մեր ժողովուրդին միասնականութիւնը աւելի քան հրամայական է։ Հեռու պէտք է մնանք բևեռացումներ յառաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողութեան ոգին սերմանող մօտեցումներէ ու արարքներէ։ Մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ու հաւաքական կամքը երաշխիք պէտք է դառնան վաղուան հզօր Հայաստանին ու Արցախին։ Մեր ժողովուրդին հաւաքական կամքը, մեր ժողովուրդին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն շահերը պէտք է մնան գերիվեր ամէն տեսակ նկատումներէ և դառնան ճշդորոշիչ մեր մտածումներուն, որոշումներուն ու գործերուն։

Ա՛յս սկզբունքներէն ու յանձնառութենէն մղուած, շուրջ երկու տարիներ առաջ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան ստանձնեց Հայաստանի իշխանութեան ղեկը։ Ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, կոչ կ’ուղղենք, որ նո՛յն սկզբունքներէն ու յանձնառութենէն մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինեան որոշէ հրաժարիլ վարչապետութենէն՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը յարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։ Մեր սպասումն է, որ ընտրուելիք նոր վարչապետին գլխաւորութեամբ կազմուելիք համաձայնական անցումային կառավարութիւնը առաջնահերթ նկատէ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու շուտափոյթ կազմակերպումը։

Կ’աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Իր երկնային թագաւորութեան մէջ ընդունի մեր նահատակները, վիրաւորներուն շուտափոյթ ապաքինում, գերիներուն վերադարձ ու սգաւոր ընտանիքներուն մխիթարութիւն պարգևէ, և մեր ազգն ու հայրենիքը հեռու պահէ ամէն տեսակ չարէ ու չարիքներէ։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

8 Դեկտեմբեր 2020

Անթիլիաս, Լիբանան»,-ասված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ուղերձում։

Лента

Рекомендуем посмотреть