«Եթե քնապարկերը տեղ չեն հասել՝ փողերն էլ չեն հասնի»․ ԱՄՆ Գլենդել քաղաքում ապրող հայերը օրերս կայացած բողոքի ցույցի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամից պահանջել են թափանցիկ հաշվետվություն ներկայացնել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին հանգանակված միջոցներով իրականացված աշխատանքների վերաբերյալ։
«Ոչ ոք միամիտ չէ, հասկանում ենք, որ ընդհանուր կատյոլից փողերը գողանալը շատ հեշտ է»,-ընդգծել է ակցիայի կազմակերպիչներից գլենդելաբնակ Արթուր Սահակյանը՝ կոչ անելով ներկաներին տեր կանգնել իրենց նվիրաբերած գումարներին։
«Հետ չուզենք, չէ, այլ մինչև վերջին կոպեկը այդ գումարները պետք է ուղղվեն զոհվածների, վիրավորների, հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքներին, փախստականներին»,-պարզաբանել է նա՝ հայտարարելով, որ նախաձեռնություն են սկսել, որի համաձայն մեծ կամ փոքր նվիրատվություններ կատարածները կարող են փաստաբանների միջոցով հետամուտ լինել իրենց գումարների ճակատագրին։
Խնդրին անդրադարձել է նաև երգչուհի Մարգարիտա Խլղաթյանը՝ անընդունելի համարելով, որ հանգանակված գումարներից Հիմնադրամը աջակցություն է տվել ՀՀ կառավարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։ Արցախում պատերազմական գործողությունների դադարից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնեց, որ դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափը 170 միլիոն դոլար է։
Նոյեմբերի 18-ին հաղորդվել էր, որ որոշում է կայացվել դրամահավաքի միջոցներից օժանդակություն տրամադրել ՀՀ բյուջեին՝ 52 մլրդ դրամի չափով։
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին՝ նշելով, որ խորապես մտահոգ է, որ հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով հիմնադրամի գործունեության վերաբերյալ մեր հայրենակիցների կողմից որոշակի անվստահություն և դժգոհություններ են առաջացել: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ։
Նշենք՝ արցախյան գոյապայքարի օրերին Արցախին օգնության նպատակով նվիրաբերություններ են կատարել աշխարհի բոլոր ծագերում և ՀՀ-ում ապրող հայերը՝ ինչպես գործարարներ, այնպես էլ՝ հասարակ անհատները՝ փոքրից մինչև մեծ։ Գումարի չափը ևս շատ տարբեր է եղել․ օրինակ՝ Գլենդել քաղաքում Անդրեաս Կարդինիի նախաձեռնությամբ և տեղի հայերի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին կայացած նկարների, շապիկների և այլ իրերի ցուցահանդես-վաճառքից միայն հանգանակվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար գումար, որն ամբողջովին փոխանցվել է «Մենք ենք մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին։
Ցուցահանդեսի մանրամասներին, որը ներկայացրել էիք ավելի վաղ, ծանոթացեք տեսանյութից։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան
Օպերատոր՝ Էդվարդ Սեդրակյան