Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ հակամարտությունը դեռ գտնվում է թեժ փուլից դուրս գալու ընթացքի մեջ: Այդ մասին այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների բացման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ես կցանկանայի նշել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրված համատեղ հայտարարության կարևորությունը, որը բոլորը ստիպված են ճանաչել այսօր. այն դադարեցրեց պատերազմը և ապահովեց համաձայնագիր, որը թույլ է տալիս ինչպես փախստականներին, այնպես էլ ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց տները»-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, մասնավորապես, ասել է Լավրովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը լրացուցիչ ներդրում կտրամադրի ԿԽՄԿ-ի բյուջեին, որը գործում է Լեռնային Ղարաբաղում:
«Մենք վճռականորեն աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները, փորձը և ներուժը ներդնել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնման գործում»,-նշել է Լավրովը:
Նշենք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 6-7-ին Մոսկվայում է՝ աշխատանքային այցով։ Նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի, հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ, օրակարգային մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակել։