«Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական»․ Շիրակի մարզպետը ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

«Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական»․ Շիրակի մարզպետը ուղերձ է հղել

2020-12-07 14:58 , Политика, 1029

«Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական»․ Շիրակի մարզպետը ուղերձ է հղել

Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Հարգելի շիրակցիներ,

Արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։

88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև այսօր։ Ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա չկա մեկը, որի վիշտն ու կորստի ցավը չլինի խորապես անձնական։

Տարիներ առաջ մեր ազգին ու հատկապես շիրակցուն հատուկ՝ ցավին կուլ չգնալու և ամեն գնով այն դիմագրավելու պատրաստակամությամբ նայեցինք դեպի ապագան։

Հայի կենսագրությանը բաժին հասած այս փորձությունը ևս պետք է հաղթահարենք ու աներեր կանգնեք մայր հողի վրա, ինչպես ապրեցինք աղետալի երկրաշարժից հետո։

Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու այն մարդկանց, որոնք չլքեցին իրենց հայրենիքն ու լծվեցին արհավիրքի հետևանքները վերացնելու բարդ ու պատասխանատու գործին, այն երկրներին, որոնք մեզ բաժին հասած ողբերգության առաջին իսկ օրվանից աջակցեցին ու սատար կանգնեցին։

Ամենամեծ ու անդառնալի կորուստը մարդկային կյանքն է։

Իմ խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին:

Հարգելի շիրակցիներ, ցանկանում եմ ձեզ կամք, ուժ, կորով և համբերություն։

Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական։

Աստված պահապան մեր հայրենիքին»,-ասված է Տիգրան Պետրոսյանի ուղերձում, որը տարածվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջով։

Հիշեցնենք՝ 1988 թվական դեկտեմբերի 7, ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները՝ ընդգրկելով ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերիչ երկրաշարժը խլեց ավելի քան 25000 մարդու կյանք, անօթևան դարձրեց 514 հազար մարդու, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 20000-ը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից՝ զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվեց 12500-ը: Աղետից տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, 170 արդյունաբերական ձեռնարկություն դադարեց գործել, մեծ վնասներ հասցվեց նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը նման մեծ վնասների պատճառները հիմնավորեց՝ Հանրապետության ողջ տարածքում սեյսմիկ վտանգի թերագնահատվածությամբ, սեյսմակայուն շինարարության չափանիշների ու կանոնների խախտումներով:

Ավերիչ երկրաշարժից 32 տարի անց ՀՀ կառավարությունն այսօր փաստագրել է՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և շահառու հանդիսացած բոլոր՝ 5406 ընտանիքները 2008-2020 թթ. ընթացքում ապահովվել են բնակարանով։

Лента

Рекомендуем посмотреть