Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Վանքասարի Սպիտակ Խաչ եկեղեցու վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը: Երիցս անիծյալ լինեք դավաճան ու դավաճանությունը արդարացնողներ: #գերեզմանչեսունենալու»։
Վերոնշյալ փաստին անդրադարձել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով այն մասին, թե ինչպես է Ակնան թշնամուն հանձնելուց հարակից գյուղեր այցի ընթացքում նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցի մտել, հավաքել այնտեղ գտնվող բոլոր սրբապատկերները՝ Ստեփանակերտ տեղափոխելու նպատակով, և ինքնաբուխ երգել «Առավոտ լուսո» շարականը։
«Ակնայի հանձնումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ին երբ թիմով մեկնել էինք Նոր Մարաղա ու հարակից գյուղեր, մտանք նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցի, հավաքեցինք այնտեղ գտնվող բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերն ու այլ քրիստոնեական իրերը և տեղափոխեցինք Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական վանդալիզմի թիրախ չդառնային: Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսո»-ից մի պատառիկ՝ համոզմունքով, որ մեկ օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա:
Իսկ այսօր լուսանկար է հայտնվում՝ ցույց տալով, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց դրոշը տեղադրել հայկական այդ եկեղեցու վրա: Միևնույն է՝ լույսը ծագելու է...»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ։