Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որի շրջանակում դեկտեմբերի 7-ին, ժամը 19։00 Դալան ցուցասրահում կբացվի «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացվելու են Royal Łazienki Museum-ի նմուշները, Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը։ Տեղի կունենա նաև Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» ֆիլմը, դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին էլ՝ Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարը․ երկու ֆիլմերն էլ թարգմանված են հայերեն։
Նույն օրը ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկազմակերպվի լեհական դասական երաժշտության համերգ, որում ելույթ կունենա Armenia լարային քառյակը՝ Աստղիկ Վարդանյանի (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանի (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանի (ալտ), Հակոբ Աթյանի (թավջութակ), լեհ դաշնակահար Կուբա Մատուժակը, ինչպես նաև քառյակի ընկեր երաժիշտները կկատարեն Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի փոխանցմամբ՝ մուտքը բոլոր միջոցառումներին ազատ է:
«Լեհական մշակույթի օրեր»-ը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից: