Բաքուն դեկտեմբերի 10-ին շքերթ է անցկացնելու` ցուցադրելով նաև հայկական կողմից առգրավված ռազմատեխնիկան - RadioVan.fm

Онлайн

Բաքուն դեկտեմբերի 10-ին շքերթ է անցկացնելու` ցուցադրելով նաև հայկական կողմից առգրավված ռազմատեխնիկան

2020-12-06 18:33 , Политика, 1785

Բաքուն դեկտեմբերի 10-ին շքերթ է անցկացնելու` ցուցադրելով նաև հայկական կողմից առգրավված ռազմատեխնիկան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը պաշտոնապես հաստատել է դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք ռազմական շքերթի մասին լուրը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտին նվիրված շքերթին կմասնակցեն ավելի քան 3000 զինծառայողներ, կցուցադրվի մինչև 150 միավոր տեխնիկա՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը միաժամանակ հստակեցրել է, որ կայանալիք շքերթում ի ցույց է դրվելու նաև հայկական կողմից առգրավված ռազմատեխնիկան:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, թե ստացված լուրերի համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Պատգամավորը խնդրով նամակ էր ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փեթեր Մաուրերին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ին, Ադրբեջանը հերքեց այդ լուրը՝ հայտարարելով, թե «ռազմագերիների ցուցադրումը և նվաստացումը ադրբեջանական ժողովրդին և իրենց հաղթական բանակին բնորոշ չէ»:

Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ 44 օր տևած պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 20-ին թշնամուն է հանձնվել Աղդամի շրջանը, դեկտեմբերի 25-ին՝ Քելբաջարի/Քարվաճառի շրջանը, դեկտեմբերի 1-ից Ադրբեջանի վերակսկողությանն է հանձնվել Լաչինի (Քաշաթաղի) շրջանը․ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, այն կվերահսկի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ երկրում ամեն տարի նոյեմբերի 10-ը կնշվի որպես Հաղթանակի օր:

Лента

Рекомендуем посмотреть