«Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»․ ընդդիմադիրները Փաշինյանին 3 օր ժամանակ են տվել - RadioVan.fm

Онлайн

«Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»․ ընդդիմադիրները Փաշինյանին 3 օր ժամանակ են տվել

2020-12-05 18:29 , Политика, 1339

«Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»․ ընդդիմադիրները Փաշինյանին 3 օր ժամանակ են տվել

«Մենք երբեք չենք հաշտվի այդ եռակողմ հայտարարության հետ, բայց այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է։ Եվ մենք չենք կարող հրաժարվել դրանից, դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ինչպես նաև խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ։ Մենք հիմա Նիկոլի շնորհիվ նման քայլի համար ոչ մի վիճակ չունենք, սկի Սոթքը չենք կարողանում պահել։ Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներ կան։ Նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնել ի նպաստ հայերի»,-այդ մասին այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ ոչ պակաս կարևոր խնդիրը մեր անվտանգության հարցն է։

«Մենք պետք է նորից վերականգնենք մեր բանակի մարտունակությունը, այն դարձնենք ժամանակակից բանակ։ Անվտանգության հարցի մեջ մտնում են նաև հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան։ Բայց Ռուսաստանի հետ մենք ունենք բազում ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ՝ ոչ մի ընդհանուր շահ։ Ռուսաստանից բացի մենք էլի դաշնակիցներ ունենք, պետք է նրանց հետ հարաբերությունները վերականգնենք։ Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային՝ իր լկտիությունը։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք։ Եվ, մենք նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ, մեզ համար դա շատ կարևոր է»,-ասել է Վազգեն Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ պետք է բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծվեն Արցախում։

Ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն կարևոր հարց է համարել նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը, դա, նրա կարծիքով, միմյանց հանդեպ բարի լինելը չէ։

«Հայաստանում գործում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին, իրենք մեր ժողովրդի միջոցով 2.5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք։ Պետք է մաքրել այդ դաշտը, և մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, այդքան ավելի միասնական կլինենք։ Չփոքրացնենք խնդիրները, մենք մեր առջև դրված մեծ խնդիրները պետք է լուծենք։ Ամեն մի պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը, մենք կարճ ժամանակում պետք է ոտքի կանգնենք ու գնանք առաջ։ Խոչընդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչընդոտներից մեկը, որ թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, Նիկոլ Փաշինյանն է, ով պետք է հեռանա։ Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,-նշել է Վազգեն Մանուկյանը։

ՀՀ վարչապետի միասնական թեկնածուն խոսքն ավարտեց՝ վանկարկելով «Հաղթանակ»։

Ընդդիմադիր ուժերի հանրահավաքին հաջորդել է քայլերթ դեպի Պռոշյան փողոց՝ կառավարության ամառանոցներ, որտեղ ցուցարարները հայտարարել են, որ, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն չհեռանա, ամբողջ Հայաստանում սկսելու են անհնազանդության ակցիաներ:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդն ավելի վաղ տարածած հայտարարությամբ հայտնել էր, որ այսօր Ազատության հրապարակում հրավիրված համազգային հանրահավաքում անցումային կառավարության ղեկավարի իրենց թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:

Лента

Рекомендуем посмотреть