Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ այսօր կրկին հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ: Նրա տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:
«Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին:
Նշեմ, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ»,-գրել է Արցախի նախագահը ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը երեկ հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին (ԿԽՄԿ)։